Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մրցույթը երիտասարդանում է

Մրցույթը երիտասարդանում է
03.02.2014 | 17:28

Հայտնի են «Անտարես» հոլդինգի և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հաղթողները: Մրցանակաբաշխությունն անցկացվեց այսօր` տիկնիկային թատրոնի ճեմասրահում: Գլխավոր մրցանակի արժանացան Արփի Ոսկանյանը («Ողջերին թող թաղեն ողջերը»), Համբարձում Համբարձումյանը («Համլետի հոր ուրվականը») և Նարինե Կռոյանը («Ցեցի դեղը»): «Անտարես» հոլդինգը հատուկ մրցանակ շնորհեց Անրի Գրիգորյանին («Սիեստաու») և Մերի Մկրտչյանին («Շպերունգ»):

Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը irates.am-ը զրուցեց ժյուրիի անդամ, գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:


-Ի՞նչ կասեք «Անտարեսի» կազմակերպած պատմվածքների ամենամյա մրցույթի, և առհասարակ, գրական մրցույթների մասին:
-Գրական մրցույթները պետք են գրական պրոցես կազմակերպելու համար: Դրանք նաև չափորոշիչային դեր են կատարում ընթերցողի համար, որ կողմնորոշվեն, հասկանան, թե ովքեր են անցկացրել մրցույթը, ինչ գեղագիտական չափանիշներով, և, ըստ այդմ, որ ստեղծագործություներն են հաղթել։
«Անտարեսի» մրցույթն առանձնանում է իր ազնվությամբ։ Հանձնախմբում ներառված են մարդիկ, ովքեր կարող են շատ տարբեր կարծիք հայտնել և շատ անկախ կարծիքներ: Ըստ նրանց գնահատականների և ընդհանուր գնահատման սկզբունքով է հանձնվում այս կամ այն մրցանակը:
Կարող է հաղթել պատմվածք, որը ես, գուցե, լավագույնը չեմ համարել, բայց պատրաստ եմ ընդունելու մրցանակակրին, որովհետև հասկանում եմ, թե ինչ սկզբունքներով է այն գնահատվել: Ինքս նկատել եմ, ինչքան բազմազան քննարկումներ են եղել, ոչ միասևեռված, ինչպես լինում է սովորաբար, ոչ կանխակալ, թե ով է հաղթելու մրցույթում: Ոչ ոք չի կարող ասել, որ ծանոթ-բարեկամ կապերն են գործում այս դեպքում, առավել ևս, որ պատմվածքները ներկայացված էին առանց հեղինակների անունների:
-ՈՒ չնայած դրան մեծապես քննադատվում է մրցույթը:
-Այս տարի բողոքներն ավելի քիչ են եղել: Եթե ներկայացված 100 պատմվածքից 80-ը չի ընդգրկվել լավագույնների ցուցակում, այդ 80 գործերի հեղինակները կարող են տրամադրություն ստեղծել, որ օբյեկտիվ չի անցկացվել մրցույթը և այլն: Համառոտ ցուցակում տեղ գտած 21 պատմվածքները ես համարում եմ հաղթող պատվածքներ: Դրանք կհրատարակվեն առանձին գրքով և արդեն գրականություն ստեղծող պրոցես են: Այնքան տարբեր անուններ կան, չգիտեմ` ո՞վ է ում ընկերը: Կան հեղինակներ, որոնց չենք էլ ճանաչում: Մեղադրանքները սուբյեկտիվ են:
-Մրցույթի հեղինակների անանունությունը քննադատություններից խուսափելո՞ւ համար էր:
-Անունները թաքցնելը նաև մասնագիտական հետաքրքրության համար էր: Ոչ ոք զերծ չէ սուբյեկտիվությունից, և անունը կարող է ենթագիտակցաբար ազդեցություն գործել: Բայց, վերջին հաշվով, դա էլ էական չէ: Միշտ լավ ստեղծագործությունները ձեռագիր ունեն, և առանձնանում են մյուս պատմվածքներից:
-Մրցույթը նպատակ ունի ավելի շատ գնահատելու, ևս մեկ անգամ ներկայացնելու քիչ թե շատ հայտնի հեղինակների՞ն, թե՞ բացահայտելու նոր անուններ:
-Առավել կարևոր են բացահայտումները: Իմ դիտարկմամբ` մրցույթը երիտասարդանում է: Եթե անցած տարիներին կայացած գրողներն էին ավելի շատ մասնակցում, հիմա ավելի շատ են երիտասարդները:
-Ինքներդ ո՞ր գործը կառանձնացնեիք:
-Արփի Ոսկանյանի «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքը և Ռուզաննա Ազիզյանի «Արթնացումը»:
-Առաջիկա տարիներին մրցույթի անցկացման կարգի փոփոխություններ կլինե՞ն:
-Հետագայում գուցե լինեն թեմատիկ կողմնորոշման փոփոխություններ, դեռ հստակ չէ: Այս տարի սահմանված էր մրցանակ նաև լավագույն մանկական պատմվածքի համար, բայց ոչ մի մանկական պատմվածք չի ներկայացվել:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ